Այդքան անվստահության խնդիրը չէ, որքան պարտադրանքը. Խաչատրյանը՝ «1000 դրամների» մասին
Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր հրավիրված մամլո ասուլի ժամանակ անդրադառնալով «1000 դրամների» նախագծին ասաց, թե շրջանառության մեջ դրվելու տարբերակը սխալ է ընտրված: «Երևույթը դրական է, բայց կազմակերպման և առաջարկման ձևը պարունակում է հասարակության արհամարհանքը: Կարելի էր սկսել կամավորական շարժումից, նոր հետո օրինականացնել»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ նախագծի շուրջ ստեղծված քննադատությունը տեղին էր և իր համար անհասկանալի էր, թե ինչու իշխանությունը շտապեց: «Ձևի առումով սխալ թույլ տրվեց, խնդիրն իրոք հրատապ է, բայց ձևը սխալ ընտրեց և իշխանությունը պետք է հիմնավորի սա: Եթե նախընտրական փուլի հետ է կապված, դա ընդհանրապես սխալ է»,- ասաց նա: «Եթե պարտադիր է, բերեք հարկ սահմանենք: Եթե հարկ է, ուրեմն պետք է հանրաքվե լինի: Լարվածությունը հանելու տարբերակներից մեկն է սա: Այդքան անվստահության խնդիրը չէ, որքան պարտադրանքը»,- եզրափակեց Խաչատրյանը: Փայլակ Ֆահրադյան
