Ով կզբաղեցնի ՄԻՊ պաշտոնը
Այսօր խորհրդարանում 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատվեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը: Այսօր հաստատված որոշմամբ խորհրդարանին մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկությունը կներկայացնի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Սահմանվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ որոշման նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ նշելով, որ միակ գրավոր առաջարկը, որ ներկայացրել էր պատգամավոր Թևան Պողոսյանը, չի ընդունվել։ Նշենք, որ երեկ խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի անուններ հնչեցին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ հրաշալի օմբուդսմեն կլինեին իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կամ Ավետիք Իշխանյանը, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ մատնանշեց Զարուհի Փոստանջյանին:
