«Կարեն Կարապետյանին տրված են բացարձակ լիազորություններ». Գառնիկ Իսագուլյան
Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ միշտ էլ 100 օր նշանակված կառավարությունների մասին որևէ կարծիք չի հայտնել: «Դա այն ժամկետն է, որի ընթացքում երևում են նրանց կատարած քայլերի դրական և բացասական կողմերը, ու ըստ այդմ գնահատականներ են տրվում: Կարեն Կարապետյանի նշանակումը ողջունել եմ՝ մի քանի խնդիրներից ելնելով, հատկապես այն առումով, որ ապրիլյան քառօրյայից և հուլիսյան դեպքերից հետո իշխանություններն իրենք հասկացան, որ շատ ուղղություններում բացթողումներ կան և հարկավոր է գնալ արմատական փոփոխությունների»: Նրա խոսքով՝ այն, որ Կարեն Կարապետյանին տրված են բացարձակ լիազորություններ թե՛ կադրերի նշանակման, թե՛ հետագայում նրանց կատարած գործողությունների պատասխանատվության առումով, արդեն բացահայտ երևում է. «Դա ողջունելի է. սպասենք արդյունքներին»: Գ. Իսագուլյանի համար նշանակություն չունի՝ Կարեն Կարապետյանը կդառնա՞ կուսակցական, թե՞ ոչ. «Թող դառնա ու ավելի լավ աշխատի. դա առավել գովելի կլինի»:
