«Եթե Կարապետյանին թույլ տան... ». Վարդան Բոստանջյան
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադարձավ վերջին օրերին քննարկված ՊՆ-ի 1000 դրամի մասին նախագծին: «Այսպես շարունակվելու պարագայում նոր 1000 դրամ կստեղծվի: Երկիրը սոցիալ-տնտեսական առումով գոյություն չունի, կոռուպցիան վխտում է: Այս պարագայում ջանադրաբար հուզված են 1000 դրամով: Դա մի կողմ շպրտվի…մտածում եմ՝ երկիր ունենալո՞ւ ենք, թե ոչ»: Նա իշխանավորներին առաջարկում է իրենց տեղերը զիջել նրանց, ովքեր երկիրը կսիրեն. «Բոլորը գառի պես խելոք նստած են, այդ պատճառով անում են այն, ինչ ուզում են: Թե չէ 1000 դրամից խոսել, կամ այսինչը փող կտա, թե չի տա…անիմաստ է…»: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Բոստանջյանն ասաց, որ վերջինս տնտեսագիտության դոկտոր է եւ տիրապետում է ոլորտին. «Ես նրան շատ ավելի վաղուց եմ ճանաչում: Նրա մոր հետ միասին դաս ենք տվել մենք…մակարդակով ընտանիք են, կարող եք չկասկածել, որ տիրապետում է տնտեսական հարաբերությունների դաշտին: Եթե Կարապետյանին թույլ տան, ուզում եմ համոզված լինել, որ կաշխատի երկիրը դուրս բերել ներկա վիճակից»:
