‹‹Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ պայմանավորված կլինեն Ռուսաստանի ռազմավարական առաջնայնություններով››. Բորիս Նավասարդյան
Նոյեմբերի 18-ին ‹‹Հայելի›› ակումբի հյուրերն էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Բանախոսները քննարկում ու վերլուծում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի հարցազրույցը ‹‹Ռոսիա սեգոդնյա›› միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ: Մկրտիչ Մինասյանը ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի պատասխանները նախ շատ սպառիչ էին ու դիվանագիտորեն հնչեցրած: Հարցին՝ արդյոք պատահական էր Հայաստանում նոր բազայի բացման վերաբերյալ հարցը, Մկրտիչ Մինասյանը նշեց, որ նախագահն իր խոսքում ասել էր, որ այս պահին երկրորդ բազայի բացման կարիքը չկա, դրա փոխարեն կարելի է եղած բազան ավելի ամրապնդել ու հնարավորություններն ընդլայնել: Սրանով նախագահը շեշտում է, որ մեր երկրի պաշտպանությունը մեր ձեռքերում է: Բորիս Նավասարդյանն առանձնացրեց հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ նախագահի պատասխանները,որտեղ Ս. Սարգսյանը նշում է, որ90-ական թթ.-ից Հայաստանի քաղաքականությունը չի փոխվել այդ երկու պետությունների հետ: Սակայն բանախոսն ընդգծեց, որ նախագահի պատասխանները մեզ համար էին պարզ, բայց նա վստահ չէ, որ դրանք նույնչափ պարզ են միջազգային հանրության համար, իսկ հարցազրույցը հենց միջազգային հանրությանը պետք է ներկայացնել: Բանախոսը նախագահի հարցազրույցում առանձնացրեց մի կետ, որը նորություն էր նաև մեզ համար: Նորությունը ռուս-հայկական զինված միավորումն է, որտեղ Նավասարդյանը նշեց, թե Հայաստանին ինչ օգուտ կլինի այդ միավորումից, հետո նաև Ռուսաստանն ինչ շահեր է հետապնդում, որովհետև չի կարող նման հնարավորությունների տեր պետությունը ռազմական միավորման մեջ մտնել փոքր պետության հետ՝ ելնելով միայն փոքր պետության շահերից: Հայաստանը տեսնում է՝ ինչքան սերտ լինի Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմական ոլորտում, այնքան Հայաստանի անվտանգությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում ամրապնդվում է:Անդրադառնալով Ռուսաստանի շահերին՝ Նավասարդյանը իր կարծիքը նշեց, որ նման միավորման գալը ևս մեկ քայլ է Մերձավոր Արևելքում և հարավ-կովկասյան հատվածում ամրապնդել սեփական դիրքերը: Այսպիսով, Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների ու մի շարք պետությունների հետ պայմանավորված կլինեն Ռուսաստանի ռազմավարական առաջնայնություններով: Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին: Հարցին՝ արդյո՞ք նախագահի պատասխանները ուղղված չէին հենց ռուս հասարակությանը, բանախոսները նշեցին, որ Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման հետ կապված շատերն են համաձայն, և իր պատասխաններում Ս. Սարգսյանը ցույց տվեց, որ Հայաստանը ևս այդ սատարողների թվում է: Մկրտիչ Մինասյանը ևս մեկ անգամ առանձնացրեց սեփական ուժերով խնդիրները լուծելու Հայաստանի ցանկությունը, որտեղ Ռուսաստանի ներկայությունը այդ ցանկությունն ավելի ապահով է դարձնում: Նաև հայ-ռուսական ռազմական միավորումը միայն Ռուսաստանի շահերից չի բխում, առաջին հերթին Հայաստանի շահերն են պաշտպանվում, իսկ Հայաստանի և Ռուսաստանի շահերը համադրելու տարբերակներ կան: Բանախոսները վերջում միաձայն նշեցին, որ ՀՀ նախագահի հարցազրույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի բարեկամը: Մարիամ Հակոբյան
