Ի՞նչ է կատարվել իրականում Գյումրու «Եռանկյունի» ռեստորանում
ՀՀ իրավապահ մարմինները դեռ պարզում են Գյումրու «Եռանկյունի» ռեստորանային համալիրում հնչել են կրակոցներ, թե ոչ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: Առավել քան տարօրինակ է, որ ոստիկանությանը չի հաջողվում պարզել, թե իրականում հնչել են կրակոցներ, թե ոչ: Ինչպես հայտնի է ռեստորանային համալիրում հնչած կրակոցների մասին տեղեկատվությունը տարածվեց երկու օր առաջ: Համաձայն տեղեկությունների վիճաբանություն է սկսվել ռեստորանի տիրոջ տղայի եւ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից մեկի միջեւ, որն ավարտվել է կրակոցով: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ հայտնել էր, որ Ոստիկանությունը եւս ստացել է նման ահազանգ, եւ իրավապահները իրականացնում են օպերատիվ միջոցառումներ պարզելու իրականում նման դեպք տեղի ունեցել է, թե ոչ: Նույն օրը տեղեկություն ստացվեց, որ վիճաբանություն տեղի է ունեցել «Եռանկյունի» ռեստորանի տիրոջ Դարբին Համոյի որդու՝ Գեւորգի ով հայտնի է «Պելե» մականվամբ եւ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում հայտնի Գարենի որդու ընկերներից մեկի միջեւ, որից հետո հնչել են կրակոցներ: ՀՀ Ոստիկանության լրատվականից մեզ դարձյալ փոխանցեցին նույնը, թե ստուգողական աշխատանքներ են իրականացվում, պարզելու իրողությունը: Իսկ, թե կոնկրետ շրջանակ կա, թե ոչ չասացին, հայտնելով թե տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ: Փայլակ Ֆահրադյան
