Անկարան չեղյալ է համարել ԵԽ պատվիրակության այցը Թուրքիա
Գերմանական Deutsche Welle գործակալությունը հայտնում է,որ պաշտոնական Անկարան վերջին պահին չեղյալ է համարել Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Թուրքիա,պատճառը պատվիրակության կազմում Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրիի գտնվելու փաստն էր:Նշենք,որ վերջին շրջանում նա խիստ քննադատական հայտարարություններ է արել թուրքական իշխանությունների վերաբերյալ: ԵԽ պատվիրակության այցը ծրագրվել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Պաշտոնական Անկարան հայտնել է, որ չի ցանկանում տեսնել Քեթի Փիրիին նրա կողմից Թուրքիայի վերաբերյալ վերջին շրջանում արված հայտարարությունների պատճառով: Հաշվի առնելով Անկարայի նման դիրքորոշումը` ԵԽ-ն իր պատվիրակության այցը հետաձգել է: Մարտին Շուլցը հայտնել է, որ այցը չեղյալ է համարվել «թուրքական իշխանությունների հետ հանդիպման ձևաչափը չհամապատասխանեցնելու պատճառով»:
