Արմավիրի 10 դպրոցներ դեռևս չեն աշխատում
Հանրակրթական դպրոցներում երեկվանից վերսկսել են ուսումնական գործընթացը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Հայելի ակումբում այսօր լրագրողներին հայտնեց, որ մինչև դասերի սկսվելը շրջաբերականներ էին ուղարկվել դպրոցների տնօրեններին, որ երկու օր առաջ դասարանները ջեռուցվեն: Հովհաննիսյանի հավաստմամբ` դասապրոցեսն ընթանում է նորմալ հունով, սակայն Արմավիրի 10 դպրոցներում դասերը չեն վերսկսվել, պատճառը ջեռուցումն է: «Դրանք հեղուկ վառելանյութով ջեռուցվող դպրոցներն են և հնարավոր չեղավ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել: Տվյալ դպրոցների համար կունենանք առանձին վերաբերմունք՝ բաց թողած դասաժամերը լրացնելու համար»,-ասաց տիկին Հովհաննիսյանը և հավելեց, որ այդ դպրոցներում դասաժամերը կվերսկսվեն գալիք երկուշաբթի օրվանից: Անդրադառնալով աշակերտների հաճախումներին ՝ տիկին Հովհաննիսյանը նշեց, որ երեկ և այսօր բացակայությունների թիվը կազմել է շուրջ 20-30 %, ինչը պայմանավորված է նրանով, որ աշակերտների մի մասը դեռ ամբողջապես չի կազդուրվել:
