Բանակի վրա ցեխ են շպրտում նրանք, ովքեր չեն ցանկանում տեսնել բանակի խնդիրները. Հակոբյան
«Ուզում ենք ուժեղ բանակ ունենալ, ուզում ենք պատերազմող երկրին հարիր բանակ ունենալ, սակայն կան երևույթներ, որոնք խանգարում են: Ի՞նչ մի գլուխ կեցվածք եք վերցրել, թե բանակի վրա չի կարելի ցեխ շպրտել»: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության համար ստեղծվող հիմնադրամին: «Բանակի վրա ցեխ են շպրտում նրանք, ովքեր չեն ցանկանում տեսնել բանակի խնդիրները»,- ասաց Հակոբյանը: Ըստ նրա ՀՀԿ-ականները սոցցանցերում անտեր էին թողել նախագիծը. «Սոցցանցերում էս նախագիծը որբ էր, ո՞ւր էիք: Մեդիադաշտը ձերն է, գնայիք, մտնեիք մեդիադաշտ, բացատեիք, ինչպես Վիգեն Սարգսյանը բացատրեց»: Ռուբիկ Հակոբյանն ասաց, թե գեներալ Սեյրան Սարոյանի հայտարարությունը, թե բանակում գողություն անողների անուններն անգամ դատախազն է վախենում հնչեցնել, վերջակետ էր ամեն ինչին: «Անվստահությունն է, որ հիմնականում քննարկման առարկա է դառնում, մեկն էլ, որ ճիշտ է, որ բոլորը 1000 դրամ վճարեն»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը և հավելեց, որ պրոգրեսիվ հարկման տեսակը շատ ավելի ընդունելի է: Փայլակ Ֆահրադյան
