Ժողովրդին սարքում եք գործ տվո՞ղ. Հակոբյանը՝ Նահապետյանին
Որևէ մեկն այս դահլիճում այդքան միամտություն չունի, որ ասի` բանակում կոռուպցիա չկա, բայց դուք պնդում եք` բանակը բավականին կոռումպացված է, իսկ ես հակադարձում եմ` պետք է կոնկրետ փաստեր ունենանք, այսօր ԱԺ-ում «1000 դրամի» նախագծի քննարկման ժամանակ արձագանքելով պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հարցին` ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Ռուբեն Հակոբյանը, Կորյուն Նահապետյանին դիմելով, նշեց, որ ոչ ոք դեմ չէ 1000 դրամ վճարելու օրենքի տրամաբանությանը` պարզապես կա անվտահություն: «Այս հարցը ծագում է ձեր նախորդ պատասխաններից: Ասում եք` կոնկրետ կոռուպցիայի դեպք ցույց տվեք, իսկ ի՞նչի համար են համապատասխան կառույցները: Ժողովրդին սարքում եք գործ տվո՞ղ», - նշեց Ռուբեն Հակոբյանը: «Մեր ժողովուրդը գործ տվող ժողովուրդ չէ, պարոն Հակոբյան, բայց մեր հայրենակիցները քրեական գործերի վարույթների շրջանակներում ունեն նաև որոշակի պարտականություններ, եթե քրեական գործով ներգրավված են, օրինակ, որպես վկա», - Ռուբեն Հակոբյանին պատասխանեց Կորյուն Նահապետյանը: «Մենք չենք դարձնում ժողովրդին այդպիսին, ժողովուրդն ավելի վեհ առաքելություններ ունի ու դրանցից մեկն իր բանակին սատար լինելն է», - ավելացրեց նա: Փայլակ Ֆահրադյան
