Քոքոբելյանի առաջարկը Վիգեն Սարգսյանին
ԱԺ-ում քննարկվող բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նա նշեց, թե այս նախագիծը պետք է վաղուց կիրառվեր: Այնուամենայնիվ պատգամավորը նախագծում տեսնում է որոշակի խնդիրներ: «Թափանցիկության հարցը: Վստահության մասին շատ է խոսվում, ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, մասնավորապես այստեղ թափանցիկության, վերահսկողության հետ կապված, ես մեկը որեւէ կասկած չունեմ, որովհետեւ այսօր էլեկտրոնային դաշտում հնարավոր է այնպես անել, որ նման հարց չլինի: Բայց նման հարցադրումները տեղին են, ցավոք սրտի մինչեւ հիմա եղել են տարբեր հիմնադրամներ եւ նպատակին ցավոք սրտի չեն ծառայել»,- ասաց Քոքոբելյանը: Նրա խոսքով՝ երրորդ հարցը վերաբերում է այն խնդրին, թե արդյոք բաշխումը ճիշտ է կատարված: «Այսինքն խոսքը վերաբերում է, որ օրենքը պետք է ազդի հաջորդ տարվանից, թե մինչ այս: Իհարկե հասկանում ենք պարոն նախարար, որ ասում եք հիմնադրամը իրավական առումով հետադարձ ուժ չունի, բայց դա կարելի է ստեղծել»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ այս խնդիրը այն խնդիրն է, որ դահլիճում կարելի է գտնել կոնսեսուս, եւ ԱԺ-ում այն երկդիմի չպետք է դիտվի: Դրա համար Կառավարությունը եւս պետք է փոխզիջումներ անի: Այսինքն այն հարցերը որոնք մտահոգում են, պետք է հստակեցվեն: «Որքան էլ ասեն հազար դրամն ինչ փող է, երկու մոմի փող է, եւ այլն, նման հարց չկա, յոթանասուն հազար դրամ ստացող մարդու համար դա մեկ շաբաթվա տրանսպորտի գին է»,- ասաց Քոքոբելյանը, հավելով, որ սա լրացուցիչ հարկատեսակ է: Նա նշեց, թե բարձր աշխատավարձ ստացողը ավելի շատ վճարի: Պատգանավորն առաջարկեց մինչեւ երկու հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացողից գումար չգանձվի: «Ես նաեւ այս պահին շատ կարեւոր եմ համարում, որ մեր ելույթները լինեն այնպես, որ մարդկանց մոտ չառաջանա թե պատերազմ է սկսվում»,- ասաց Քոքոբելյանը, եզրափակելով որ մինչեւ երկրորդ ընթերցում պետք է առկա մտահոգիչ հարցերը քննարկվեն: Փայլակ Ֆահրադյան
