Ռասիստական գրառում՝ Ստամբուլում հայկական վարժարանի պատին
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բոմոնտի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանի պատին հայտնվել է ռասիստական գրառում։ Մխիթարյան վարժարանի պատին կատարված ռասիստական գրառման մասին սոցցանցերում հայտնել է նախկինում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Այքան Էրդեմիրը։ Նրա հաղորդմամբ՝ դպրոցի պատին հայտնվել է հետևյալ գրառումը. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում»։ Ընդգծվում է, որ վերջին 4 ամսում դա արդեն երրորդ դեպքն է, որ հայկական դպրոցները Ստամբուլում դառնում են ռասիստական գրառումների թիրախ։ Օգոստոսին նման գրառում հայտնվել էր Ուսքյուդարի (Սկյութարի) Սուրբ Խաչ Դպրևանք վարժարանի պատին, իսկ սեպտեմբերին՝ Ուսքյուդարի Քալֆայան հայկական դպրոցի պատին։ Ռասիստական այդ գրառումների հեղինակներն անպատիժ են մնացել։ ԺՀԿ-ական պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն դպրոցների պատերին ռասիստական գրառումների հարցն ընդգրկել է խորհրդարանի օրակարգում և սեպտեմբերին տվյալ հարցով դիմել էր վարչապետ Բինալի Յըլդըրըմին, սակայն դեռ պատասխան չի ստացել։
