Թուրք պատգամավորները հացադուլ են հայտարարել
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամներն ահազանգում են, որ բանակն ու օրինապահ մարմինները շարունակում են հատուկ գործողություններ իրականացնել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ երկրի հարավ-արևելքում: Ինչպես հաղորդում է Russia Today-ը` Ջիզրե քաղաքում 20 վիրավոր կա, իսկ իշխանությունները թույլ չեն տալիս շտապ օգնության մեքենաներին մոտենալ տուժածներին և զանգվածային ռմբակոծություն են իրականացնում տեղանքում: Ի նշան Ջիզրեի իրադարձությունների դեմ բողոքի` ԺԴԿ-ի պատգամավորները հացադուլ են հայտարարել: Նշվում է, որ հունվարի 31-ին դաժան բախումներ են տեղի ունեցել քրդամետ ակտիվիստների և ոստիկանության միջև: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել քրդերի ռմբակոծությունն ու չեղարկել քրդական նահանգներում սահմանված պարեկային ժամը:
