Ուկրաինայում գրիպից ավելի քան 170 մարդ է մահացել
Գրիպի համաճարակն սկսվելուց ի վեր Ուկրաինայում մահացել է 171 մարդ, հայտնել են Ուկրաինայի առողջապահության նախարարությունից, տեղեկացնում է korrespondent.net-ը: «Համաճարակային սեզոնն սկսվելուց ի վեր, ըստ օպերատիվ տվյալների, գրանցվել է գրիպից լաբորատոր կերպով հաստատված մահվան 171 դեպք, նրանցից 2-ը երեխաներ են՝ մինչև 17 տարեկան»,- ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով, Ուկրաինայում համաճարակային սեզոնի սկզբից ի վեր գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդությունների ավելի քան 3,2 մլն դեպք է գրանցվել, հիվանդացել է երկրի բնակչության 8,3 տոկոսը: Հիվանդների ընդհանուր թվի 62,9 տոկոսը կազմում են մինչեւ 17 տարեկան երեխաները: Այս պահի դրությամբ Ուկրաինայի 18 մարզերում համաճարակային շեմը գերազանցվել է:
