Ցանկացած պահի սա կարող է պայթել՝ որպես ճգնաժամ .Փաշինյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկում է լսումներ հրավիրել ՝ գյուղացիների վարկային պատմությունների հետ կապված խնդիրները քննարկելու համար: Նա տեղեկացրեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում այցելել է Հայաստանի շուրջ 50 գյուղ, որտեղ տիրող իրավիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է: Նա մտահոգություն հայտնեց, որ պաշտոնական վիճակագրությունը, նաեւ այն վիճակագրությունը, որ ներկայացում է ԿԲ-ն՝ կապված գյուղացիական վարկերի հետ, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Բազմաթիվ գյուղացիներ ստիպված են նոր վարկեր վերցնել՝ հին վարկերը փակելու համար. «Մարդկանց մեջ հարյուրավոր կոնֆլիկտներ են առաջացել միմյանց երաշխավոր լինելու հետեւանքները չգիտակցելու համար, եղբայրը՝ եղբոր, հարեւանը՝ հարեւանի: Այս իրավիճակն ավելի սրվել է, որովհետեւ բազմաթիվ մթերող ընկերություններ մինչեւ այժմ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել վճարել գյուղացիներին»: Նա առաջարկեց Գալուստ Սահակյանին, որ լսումներ հրավիրի, որպեսզի այս իրավիճակի մասին մանրամասն քննարկեն, որովհետեւ ցանկացած պահի սա կարող է պայթել՝ որպես ճգնաժամ:
