ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես դատապարտեց
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նույնպես անդրադարձել է Փխենյանի գործողություններին: Ինչպես նշել է՝ այն խախտում է տարածաշրջանային և միջազգային կայունությունը, և Հյուսիսային Կորեային ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների կոչ է արել՝ միջուկային փորձարկումների անցկացման մասին հայտարարությունից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա հայտարարությանը: «Հյուսիսային Կորեայի հայտարարած միջուկային փորձարկումները խախտում են տարածաշրջանային և միջազգային կայունությունը, դա ՄԱԿ ԱԽ բանաձևերի ակնհայտ խախտում է: Ես դատապարտում եմ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների մշակման ծրագրերի շարունակությունը, նաև նրա սպառնալից հռետորաբանությունը: Հյուսիսային Կորեան պետք է ամբողջովին և անդառնալիորեն դադարեցնի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների մշակման ծրագրերն այնպես, որ դա հնարավոր լինի ստուգել և վարկունակ ու իրական բանակցություններ սկսել ապամիջուկայնացման շուրջ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նշենք, որ ԺԴՀ իշխանությունները հայտնել էին ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին, ինչն առաջացրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, անհանգստությունը:
