Անկարան Մոսկվային ապացույցներ է տրամադրել
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան Մոսկվային ապացույցներ է փոխանցել ռուսական «Սու-34» ռմբակոծիչի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին: Այս մասին հայտնել է թուրքական Dogan գործակալությունը: «Ես հուսով եմ՝ Ռուսաստանն ավելի պատասխանատու կլինի այդ հարցում և ճշմարտությունը կասի: Մենք այդ մասին տեղեկություն ենք փոխանցել Ռուսաստանին ռազմական ուղիներով»,- ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է նորմալացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիայի համար ոչ թե պարզապես հարևան է, այլ կարևոր գործընկեր: Բայց Անկարայի «միակողմանի քայլերը» բավարար չեն հակամարտության դադարեցման համար՝ հավելել է նա: Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ ռուսական «Սու-34» ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:
