Խոշոր ահաբեկչություն Դամասկոսում. զոհերի թիվը հասել է 76-ի
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ երկրի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ զոհերի թիվը հասել է 76-ի, վիրավոր է 110 մարդ։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել սիրիական մայրաքաղաքի շիական թաղամաս համարվող Սեյիդ Զեյնաբում։ Պայթուցիկներից մեկն ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ. այն տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Միաժամանակ գործողություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը. նա իրեն պայթեցրել է երթուղային ավտոբուսում։ Մի քանի րոպե անց պայթել է ևս մի ահաբեկիչ։ «Ալ-Ջազիրա»-ի հաղորդմամբ՝ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Սիրիայի արտգործնախարարությունը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու կազմակերպության գլխավոր քարտուղարին՝ Դամասկոսի ահաբեկչությունները կոչելով Ժնևյան բանակցությունները տապալելու փորձ։
