ԴԱԻՇ-ը գլխատել է 20 գրոհայինի
Իրաքի Մոսուլ քաղաքում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը մահապատժի է ենթարկել իր 20 գրոհայիններին, որոնք ինքնակամ լքել են մարտական դիրքերը, հաղորդում է Indian Express թերթի կայքը: «Դասալիքները ձերբակալվել էին Մոսուլի մերձակայքում՝ հսկիչ-անցակետում ուրբաթ երեկոյան: Այն բանից հետո, երբ պարզվել է, որ ձերբակալվածները դասալիքներ են, որոնք լքել են Մոսուլի արևմուտքում տեղակայված մարտական դիրքերը, նրանց հանձնել են շարիաթի դատարանին»,- մեջբերում է թերթն իր աղբյուրի խոսքերը: Գլխատումներն իրականացվել են Մոսուլի կենտրոնում հարյուրավոր գրոհայինների և ահաբեկչական կազմակերպության հրամանատարների ներկայությամբ:
