Կդատե՞ն Պուտինին Հաագայի դատարանում

Ռուս-վրացական պատերազմը` Միջազգային քրեական դատարանի քննության առարկա Հաագայում գտնվող Միջազգային քրեական դատարանը սկսում է 2008թ․ օգոստոսյան հնգօրյա պատերազմի ընթացքում արձանագրված ռազմական հանցագործությունների հետաքննությունը: Դատարանի երեք անդամների կողմից երեկ կայացված որոշման համաձայն՝ գամբիացի Ֆաթու Բենսուդան ղեկավարելու է քննչական այն խումբը, որն առաջիկայում կզբաղվի քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի առթիվ ապացույցների փնտրտուքով: «Իմ ղեկավարած գրասենյակը դեռ անցած տարվա հոկտեմբերին էր դիմել հետաքննության մեկնարկի պաշտոնական թույլտվություն ստանալու խնդրանքով` հիմք ընդունելով մեր տրամադրության տակ գտնվող հավաստի և մանրակրկիտ վերլուծության ենթարկված տեղեկությունները Վրաստանի տարածքում կատարված հնարավոր հանցագործությունների մասին: Դրանցում ներգրավված են եղել հակամարտության բոլոր երեք կողմերը` Վրաստանի զինված ուժերը, Հարավային Օսիայի ստորաբաժանումներն ու Ռուսաստանի զինված ուժերը», - իր տեսաուղերձում հայտարարում է Բենսուդան` նշելով, որ Միջազգային քրեական դատարանի կողմից օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ 2015թ. մարտին Վրաստանը անորոշ ժամկետով դադարեցրեց այս գործի հետաքննությունը: Բացի այդ, ըստ Բենսուդայի, իր ղեկավարած կառույցը շարունակում է հետևել նույն այս գործով Ռուսաստանի իրավապահների կողմից իրականացվող և այժմ էլ շարունակվող հետաքննությանը: «Դատավորների` այսօր կայացրած որոշումը նշանավորում է հետաքննության մեկնարկը: Հնարավոր կասկածյալները ի հայտ կգան միայն դրա հետագա փուլերում` կախված մեր կողմից հավաքագրված ապացույցների բնույթից: Միայն այն դեպքում, երբ ձեռք բերված ապացույցները վկայեն, որ այս կամ այն անձը Քրեական դատարանի կողմից որպես հանցագործություն դիտարկվող արարք է կատարել, քննչական խումբը կանցնի գործողությունների հաջորդ փուլին: Երբ անհրաժեշտ պահը գա, մենք կդիմենք դատարանին` քրեական պատասխանատվության ենթակա անձանց ձերբակալության կամ բերման ենթարկելու միջնորդությամբ», - հայտարարում էր Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչը: Հաագայի դատարանի` հետաքննություն սկսելու որոշման մեջ նշված են ռազմական հանցագործությունների այն կոնկրետ տեսակները, որոնց շուրջ ծավալվելու է ապացույցների փնտրտուքը: Միջազգային քրեական դատարանի դատավորների վճռի համաձայն՝ Բենսուդայի ղեկավարած խումբը հետաքննելու է «2008թ. հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում, միջազգային զինված հակամարտության համատեքստում կատարված կանխամտածված սպանությունները, խաղաղ բնակչության բռնի տեղահանման և հետապնդումների դեպքերը, կանխամտածված հարձակումները խաղաղապահների վրա, դիակապտության և ուրիշի ունեցվածքի ոչնչացման դեպքերը»: Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 8-13-ը շարունակված պատերազմի ընթացքում, տարբեր կողմերից հնչող գնահատականների համաձայն, զոհվել է մոտ 400 խաղաղ բնակիչ: Հարավային Օսիայում բնակվող 15 հազար վրացիները ստիպված էին լքել մշտական բնակության վայրերը: Ռուսական պաշտոնական աղբյուրների պնդմամբ էլ՝ վրացական կողմից պատերազմի առաջին ժամերին իրականացված հարձակումների ու գնդակոծությունների հետևանքով զոհվել էին Հարավային Օսիայում տեղակայված խաղաղապահ ստորաբաժանման 15 զինծառայողներ: Սաակաշվիլին ողջունել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ողջունել ու աջակցել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից հետաքննության սկսմանը, որն առնչվելու է 2008թ. ռուս-վրացական զինված հակամարտության ընթացքում հնարավոր ռազմական հանցանքներին ու էթնիկ վրացիների սպանություններին։ Սաակաշվիլին հիշեցրել է, որ ժամանակին իր կարիերան սկսել է որպես մարդու իրավունքների հարցերով մասնագետ և 2004թ. նախաձեռնել է Վրաստանի կողմից միջազգային տրիբունալի իրավասության ճանաչումը։ Սաակաշվիլին խոստովանել է, որ փաստերի հաստատման գործընթացը բարդ կլինի։ Այսպես, Միջազգային քրեական դատարանի միջոցով արևմուտքը նոր արշավ է սկսում ընդդեմ Պուտինի: Իսկ Հաագայի Միջազգային քրեական դատարանն, ինչպես ասում են, արդեն կատակ գործ չէ: Նոր սկանդալ ռուս-ուկրաինական հարաբերություններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս իր մեկնաբանություններում անդրադարձել էր խորհրդային անցյալին, քննադատել է ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Լենինին, թեպետ ընդգծել է, որ համակրանք է տածում կոմունիստական գաղափարների հանդեպ։ Նրա քննադատության թիրախը սովետների ազգային քաղաքականությունն է, հանրապետություններին անկախանալու հնարավորություն ընձեռելը, որն էլ, ըստ Պուտինի, հանգեցրել է Ռուսաստանի քայքայմանը։ Սովետի կայացման տարիներին Լենինը հանրապետություններին անկախանալու իրավունք շնորհելու կողմնակից էր, իսկ Իոսիֆ Ստալինը պնդում էր, որ նախկին կայսրության ծայրամասերին ընդամենը պետք է տալ ինքնավարություն։ Այսպիսով, Պուտինը ևս մեկ հարցում է համերաշխ Ստալինի հետ։ Ստավրոպոլում կայացած Համառուսաստանյան ժողովրդական ճակատի միջտարածաշրջանային ժողովում Պուտինի մեկնաբանություններից մեկն էլ պաշտոնական Կիևի զայրույթն է հարուցել։ «Սահմանները բացառապես կամայական սկզբունքներով էին որոշում և հաճախ անհիմն։ Օրինակ, Դոնբասը փոխանցել են Ուկրաինային սոսկ բանվոր դասակարգի տոկոսն Ուկրաինայում ավելացնելու և սոցիալական աջակցություն ստանալու համար, սա ցնդաբանություն է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունը Կիևում մեծ դժգոհություն է առաջացրել։ Ուկրաինան պաշտոնապես խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ քննարկել Դոնբասի վերաբերյալ ՌԴ նախագահի արտահայտությունը։ ՄԱԿ-ում Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ Պուտինի խոսքերը կասկածի տակ են առնում Ուկրաինայի քաղաքական անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, հակասում են միջազգային հիմնարար համաձայնագրերին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության խորհրդաժողովի 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն։ Բացի այդ, Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ նման վտանգավոր մեկնաբանություններով հանդես է գալիս Բուդապեշտի համաձայնագիրը ստորագրած պետության ղեկավարը։ 1994թ. Բուդապեշտի համաձայնագրով Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պարտավորվել են հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչի դիմաց Ուկրաինան հրաժարվել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իր տարածքում մնացած միջուկային զենքից։ «Շարունակելով Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի բռնակցումը և Դոնբասում բացահայտ ագրեսիան` Ռուսաստանը խախտում է այդ համաձայնագիրը»,- հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարությունը։ «Մենք պարզապես մտադիր չենք որևէ կերպ արձագանքել այդ հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու Ուկրաինայի նախաձեռնությանը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մետաքսյա  Շալունց

դիտվել է 1226 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am