«Նախարարի ձեռքից մեդալներ ստացան ու երկու օր հետո կալանավորվեցին...»
«Ահաբեկչություն բառը, եթե պարզաբանենք, կհասկանանք, որ կոմունիկալ կարևոր օբյեկտների պայթեցում պետք է նախատեսվի, Հայաստանում դա կարող է լինել ատոմակայանը կամ մետրոն:Բայց չեմ կարծում, որ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման անդամները ընդունակ լինեին նման չարիք գործելու»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց հետախույզ վետերանների միավորման նախագահ, ազատամարտիկ Սուրեն Կարապետյանը: Որպես նախկին հետախույզ և հրամանատար Սուրեն Կարապետյանը փաստում է, որ ԱԱԾ-ն ամեն դեպքում բաց չի գործել, քանի որ կալանավորվածներին կարող էին բռնել գործողություն իրականացնելուց առաջ և այդ դեպքում այսքան տարատեսակ քննարկումներ չէին լինի: Ազատամարտիկը չի ուզում որևէ կոնկրետ թեզ առաջադրել: Նա ընդգծում է, որ չի ճանաչել զինված խմբավորման ղեկավարին, սակայն ավելի ուշ ձերբակալված ազատամարտիկների մեջ իր լավ ընկերներն են.« Մարդիկ, որոնք մի քանի օր առաջ պաշտպանության նախարարից մեդալներ էին ստացել` ձերբակալվեցին: «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի 25 ամյակի առիթով մեդալներ ստացան ու այդ հերոսները կալանավորվեցին:Խոսքս Աղասի Կարապետյանի և Էդվարդ Ներսիսյանի (Ապար) մասին է: Երկուսն էլ վիրավորված են եղել: Ապարը ու ես իրար հետ ենք պայթել մեքենայի մեջ: Երկուսիս վիճակն էլ ծանր էր ու հազիվ փրկվեցինք: Նրանք այն մարդիկ են, ում հետ ես ծանր օրեր եմ անցկացրել: Իրար հետ ենք մարտնչել: Նույնը կասեմ գնդապետ Խաչիկ Ավետիսյանի մասին: Խաչիկ Ավետիսյանը իր ընտանիքով է կռվել Ղարաբաղում: Գերի է եղել ու շատ տանջանքներ է կրել: Նա Մարտական խաչի ասպետ է»,-նշեց Սուրեն Կարապետյանը հավելելով, որ իրավական դաշտում իհարկե հանցագործության փաստն է հաշվի առնվում և ազատամարտիկների անցյալը հաշվի առնելով հարկավոր է ճիշտ մոտեցում ցուցաբերել: «Շատերը կարող են ասել` գնամ կրակեմ սրան կամ նրան: Բայց այդ խոսքի համար չեն դատում: Հիմա էլ հնարավոր չէ դատել տղաներին չարածների համար»,-ասաց հետախույզ վետերանը` կատարվածը ապսուրդ համարելով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Ավելի ուշ զինված խմբավորմանը աջակցելու համար կալանավորվեցին մի քանի ազատամարտիկներ: Լուսինե Ղազարյան
