«Դպրոցների և նախադպրոցական կառույցների բացումն ամեն դեպքում ռիսկային է» /տեսանյութ/
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը՝ ասաց, թե այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ բավական լուրջ հաջողություններ կան գրանցված: «Բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, իսկ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապբուժօգնության կանչերի նկատելի նվազում»,-հայտարարեց Արտավազդ Վանյանը: Արտավազդ Վանյանի խոսքով՝ հղիների շրջանում ստացիոնար դիմելիությունը նվազել է շուրջ 60%-ով, 46%-ով նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող հիվանդների թիվը: Բայց այս ամենն, Վանյանի խոսքերով, չի նշանակում, թե գրիպը նահանջել է և պետք է թուլացնել զգոնությունը: «Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լինելու է համաճարակային ֆիլտր: Այն երեխաները, ում մոտ գրիպի թեթև նախանշաններ կլինեն, նրանք կմեկուսացվեն»,-ասաց Վանյանը՝ հավելելով, որ ուսումնական հաստատություններում այսօրվանից սկսած համապատասխան աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի դասերն սկսվելուն պես նորմալ ջերմաստիճան լինի: Վանյանը խորհուրդ է տալիս խուսափել կուտակումներից, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ դպրոցներում առաջիկա շրջանում բուֆետները չաշխատեն: «ԶԼՄ-ների միջոցով հնարավորություն եղավ հասարակության զգոնությունը բարձրացնել: Մենք զերծ մնացինք բարդացած դեպքերից և այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք հազարավոր փրկված կյանքեր: Առողջապահության նախարարությունը լիարժեք պատրաստված էր գրիպի դեմ»,- ընդգծեց Վանյանը: «Մեր առաջարկով երեք շաբաթ չբացվեցին դպրոցներն ու նախադպրոցական կառույցները, մենք այսօր դրա արդյունքն ունենք արձանագրված»,- ընդգծեց նա` նշելով, որ դպրոցների և նախադպրոցական կառույցների բացումն ամեն դեպքում ռիսկային է: «Հիմա հետաձգելու առաջարկով հանդես չենք գալիս, բայց սա բավականին ռիսկային է: Առողջապահության նախարարը խորհրդակցություն է հրավիրել ոլորտի համապատասխան ներկայացուցիչների հետ: Նրանց հետ համատեղ աշխատանք պետք է տանենք, որ վերաբացումից հետո երկրորդ ալիք չունենանք: Պետք է պահպանեն համապաստախան ջերմային ռեժիմը: Այսօրվանից արդեն սկսվել է ջերմային մոնիթորինգը դպրոցներում»,- փաստեց մասնագետը: Աստղիկ Ավագյան
