Գյումրեցի տասներեքամյա թափառական երեխային հատյնաբերել է հայտնի սպորտսմենի քույրը եւ ահազանգել լրագրողներին
Տերյան փողոցը գտնվում է Գյումրու պատմական հատվածում, կամ այսպես կոչված Հին Քաղաքի Սլոբոդկա թաղամասում, ռուսական Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի մատուռից ոչ հեռու: Այստեղ` թիվ երեսուն տուն հասցեում, որ ապրում է Մայիլյանների ընտանիքը: Այս ընտանիքի մասին, թերեւս, չիմանայինք էլ, եթե գյումրեցի հայտնի սպորտսմեն Աշխարհի կրկնակի չեմպիոն եւ Եվրոպայի չեմպիոն Սերգեյ Գալստյանի քույրը` Հերմինե Գալստյանը, չահազանգեր: Բանն այն է, որ օրեր առաջ մասնագիտությամբ մանկավարժ Հերմինե Գալստյանը երեկոյան աշխատանքից տուն վերադառնալիս, երթուղային տասքու մեջ տեսել է ցնցոտիավոր մի պատանու: Փորձել է խոսել հետը և պարզվել է, որ տասներեքամյա Սրեգեյ Մայիլյանը բառացիորեն ոչ մի տեղ չունի գնալու եւ հայտնվել է փողոցում: " Ես Սերգեյին տարա մեր տուն, հաց տվեցի, ասացի, որ լվացվի մաքրվի: Հետո իմացա իրենց տան տեղը ու մեքենայով բերեցի տուն: Երբ մտանք տուն, հայրը կատաղած հարձակվեց երեխայի վրա: Մտածեց, թե երեւի Սերգեյը ինչ որ բան է գողացել ինձանից ու ես եկել եմ բողոքելու: Միանգամից հասկացա ու ասացի, որ նման բան չկա, ես եկել եմ իրենց օգնելու համար: Արդեն մի քանի օր է ես այցելում եմ այս ընտանիք ու փորձում ինչ որ բանով օգտակար լինեմ: Ինքներդ էլ կտեսնեք, խայտառակ պայմաններում ուղղակի գոյություն են քարշ տալիս",- պատմեց Հերմինե Գալստյանը "Հայելիի" հետ զրույցում: Սերգեյի ընտանիքի հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ: Մայրը մահացել է մի քանի տարի առաջ: Քրոջը ամուսնացրել են, հավանաբար, անցյալ տարի, տակավին տասնվեց կամ տասնհինգ տարեկանում: Այժմ արդեն տասնյոթամյա Մարգարիտան հետ է վերադարձել հայրական տուն` հինգ ամսեկան երեխան ձեռքին: Երեխայի հայրությունը չի ճանաչվել: Ամուսնությունը որպես այդպիսին եղել է ապօրինի: Ճակատագրի հարվածների տակ գրեթե կոտրված այս ընտանիքի մեծ մայրն էլ անկողնային հիվանդ է: Իսկ տասներեքամյա Սերգեյը զբաղվում է աղբահավաքությամբ, որի դիմաց վճարում են այն ընտանիքները, որոնց աղբը տանում է աղբանոց` ով ինչպես պատահի` հագուստ, սնունդ, դրամ. մինչեւ հինգ հարյուր դրամի չափով: Այս ընտանիքի առանց այն էլ մռայլ առօրյան ավելի է գորշանում խորթ մոր ներկայությամբ: Մեր այցելության ժամանակ վերջինս նախ փորձեց իրեն ներկայացնել որպես հարազատ, ապա արդեն սկսեց դրսեւորել բավական ագրեսիվ վարք եւ գրեթե սկանդալ սարքեց հենց մեր ներկայությամբ: Բարի վարքով և նկարագորվ առանձնապես աչքի չընկնող այս կնոջ եւ այս ընտանիքի հանդեպ հարկ է, որ որոշակի ուշադրություն դարձնեն նաեւ ոստիկանները` անչափահասներին` ֆիզիկական եւ հոգեբանական հնարավոր բռնություններից զերծ պահելու համար: Իսկ այս ընտանիքը, փաստացի, ունի ամեն ինչի կարիք` սկսած օրվա հացից մինչեւ աթոռ, սեղան կամ վառելափայտ: Ա. Գրիգորյան
