Թուրքիան տեղեկացնում է քուրդ գրոհայինների ոչնչացման մասին
Թուրքիայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 16 գրոհային՝ ասված է թուրքական Զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Թուրքիայի իշխանությունները անցյալ տարվա դեկտեմբերին քրդերով բնակեցված երկրի հարավարևելյան մի շարք շրջաններում հայտարարել են պարետային ժամ: Ներկայումս Ջիզրեում և Սուրում շարունակվում են ուժայինների և PKK-ի գրոհայինների միջև փողոցային բախումները: « PKK-ի 9 անդամներ ոչնչացվել են Ջիզրեում և 7-ը՝ Սուրում: Գործողության սկզբից Ջիզրեում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 483 ահաբեկիչ, Սուրում՝ 144»,- ասված է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ թուրք ուժայինները այդ 2 շրջաններում վնասազերծել են 44 ինքնաշեն պայթուցիկ սարքեր, խլել են գրոհայիններին պատկանող հրազեն և զինամթերք: Նշվում է, որ դեկտեմբերի կեսերից սկսած՝ հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է 720 քուրդ գրոհային:
