Դեյր-էզ-Զորում ԴԱԻՇ-ը մեծ կորուստներ է կրել
Սիրիայի կառավարական ուժերը վճռական հարձակման են անցել երկրի հյուսիսարևելյան շրջանում՝ զինյալների կողմից պաշարված Դեյր-էզ-Զոր քաղաքում՝ ոչնչացնելով հակառակորդի մեծ քանակությամբ տեխնիկա և կենդանի ուժ: Այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով տեղեկատվական աղբյուրին: Գործակալության տվյալներով՝ սիրիական բանակի և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումը տեղի է ունեցել Դեյր-էզ-Զորի արևելյան ար-Ռուշդիա թաղամասում: Նշվում է, որ մեծ մասամբ արտասահմանյան ծագում ունեցող ծայրահեղականները ծանր կորուստներ կրելով՝ ստիպված են եղել դիմել փախուստի: Թե որ ուղղությամբ են ահաբեկիչները նահանջել՝ աղբյուրը չի հստակեցնում: Մարտերում ոչնչացվել է նաև ԴԱԻՇ-ի երկու զրահապատ տրանսպորտային միջոց՝ գնդացիրներով: Սիրիայի զորքերը միաժամանակ հարձակում են ձեռնարկել օդանավակայանի շրջանում, որի արդյունքում ոչնչացվել են ԴԱԻՇ-ի մի շարք թաքստոցներ և օբյեկտներ՝ այնտեղ գտնվող զինյալների, զենք-զինամթերքի հետ միասին:
