Նրանք ոչ միայն Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում, այլ նաեւ պաշտպանում են. Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին մեղադրել է կրոնական խտրականության մեջ։ «Շատ եմ ցավում, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, ձգտում են ոչ թե կարգավորման, այլ հակամարտության սառեցման։ Նրանց այսօրվա գործունեությունը բացարձակապես անիմաստ է։ Նրանք ոչ միայն Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում, այլ նաեւ պաշտպանում են նրան հնարավոր խնդիրներից։ Ու՞մ տեղն են նրանք իրենց դրել։ Այսինքն՝ պետք է ճնշում գործադրեն բոլոր միջազգային կազմակերպությունների վրա՞։ Հրամաններ տան բոլոր միջազգային կազմակերպությունների՞ն։ Եվրոպայի խորհուրդը միջազգային կազմակերպություն է։ Իհարկե այնտեղ տարբեր մարդիկ կան։ Կան հակաադրբեջանական դիրքորոշում ունեցող մարդիկ, կան շատ իսլամաֆոբներ։ Կան այնպիսիք, որոնք համերաշխ են Հայաստանի հետ եւ կապված են հայկական լոբբիին։ Ես կազմակերպության անդամ եմ եղել եւ գիտեմ դա։ Բայց այդ կազմակերպությունն այսօր այդ հարցը դրել է օրակարգում։ Մինսկի խմբի համանախագահները նրանց վրա ճնշում են գործադրում, որպեսզի հարցը չքննարկվի։ Հենց այդ սադրիչ գործունեության պատճառով էլ մեզ չբավականացրեց 4 ձայն՝ բանաձեւն ընդունելու համար։ Ես ասել եմ եւ ասում եմ նրանց երեսին։ Մենք մուսուլման ենք, այդ պատճառով էլ մեզ վերաբերում են երկակի չափանիշներով»,- ասել է Ալիեւը։
