Սամվել Կարապետյանը երրորդը՝ ռուսական անշարժ գույքի շուկայի արքաների վարկանիշում. Forbes
Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է ռուսական անշարժ գույքի «արքաների» վարկանիշային աղյուսակը: 2015թ. արդյունքների համաձայն՝ վարկանիշային աղյուսակը գլխավորել են «Կիևյան տարածք» ընկերության սեփականատերեր Զարահ Իլիևն ու Գոդ Իսանովը (ընկերության՝ վարձույթից ստացված եկամուտը՝ $1 115 մլն), երկրորդ տեղում IKEA-ի սեփականատեր Ինգվար Կամպրադն է (վարձույթից ստացված եկամուտը՝ $680 մլն): Վարկանիշը կազմվել է այն չափանիշի հիման վրա, թե նախորդ տարվա ընթացքում որքան եկամուտ է բերել կոմերցիոն անշարժ գույքը իր սեփականատերերին։ Մեր հայրենակից, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն այդ վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը: Կարապետյանը նախորդ տարվա ընթացքում միայն անշարժ գույքի վարձակալությունից ունեցել է 610 մլն դոլարի եկամուտ։ Ս. Կարապետյանին պատկանող հիմնական օբյեկտներ են համարվում Դմիտրովյան խճուղու վրա գտնվող «Ռիո» առևտրային-ժամանցային համալիրը (105000քմ) և Novote Moscow City-ն (360 համար)։ Ընդհանուր առմամբ, Ս. Կարապետյանն ունի 92500քմ ընդհանուր մակերեսով առևտրային տարածքներ, 48400քմ մակերեսով գրասենյակային տարածքներ և 48000քմ մակերեսով պահեստային տարածքներ։ Իսկ հյուրանոցային համարների թիվը 1157 է։
