«Կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի». Հրայր Թովմասյան /տեսանյութ/
«Ընտրական օրենսգրքի նախագիծը հաջորդ շաբաթ որոշակի հրապարակայնություն կստանա»,-երեկ Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն այդպես էլ չմասնակցեցին քննարկումներին, Թովմասյանը պատասխանեց. «Ասում են` կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի, կա խնդիր, պետք է հասկանալ այդ ամբողջ պրոցեսները, իրացնել Սահմանադրությունը, որից հետո քաղաքական ուժերի հետ քննարկումներ կլինեն»: Հարցին, թե ՀԱԿ-ը մի շարք առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես, ընտրական պրոցեսի լիարժեք վերահսկման համար առաջարկում է ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ, արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ականջալուր լինել և ընդունել ընդդիմության կետերը, Թովմասյանն ընդգծեց, թե չի ցանկանում առանձին անդրադառնալ առաջարկներին, սակայն ընտրական պրոցեսի վերահսկման մեխանիզմներն էլ ավելի են բարձրանալու: «Որոշակի տեխնիկական հագեցվածություն կլինի հենց վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից: Հիմա, թե որ տարբերակը կլինի, չեմ կարող ասել: Մեծ մասը կախված է նրանից, թե այդ համակարգերի ձեռքբերման առումով մենք որքան աջակցություն կստանանք և նաև, թե որքան վստահություն կլինի այդ համակարգերի նկատմամբ: Կա նաև հակառակ պատկերը, որ տեխնիկական միջոցների ներգրավվածությունը կարող է վստահությունը գցել»,- նշեց Թովմասյանը: Հրայր Թովմասյանի խոսքով՝ այս պահին դիտարկվում են ինտերնետի միջոցով քվեարկելուց մինչև անձն իդենտիֆիկացնելու համակարգերի միջոցով ընտրական պրոցեսը վերահսկելու մեխանիզմները: Կոնկրետ, որ տարբերակը կընտրվի, ԱԺ աշխատակազմի ղեկավարը չի կարող ասել: Ինչ վերաբերվում է ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակելուն, Թովմասյանն ընդգծեց, թե կա Սահմանադրական դատարանի որոշում, որն արգելում է դրա հրապարակումը: «Այն երկրները, որոնք գնացել են այդ ճանապարհով, բախվել են այլ խնդրի, երբ որ քվեարկության չմասնակցածներն են որոշակի հետապնդումների ենթարկվել: Ուստի` որոշ ստանդարտներով քվեարկությանը մասնակցելը ևս համարվում է գաղտնի»: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
