Լոռու մարզում 29-ամյա վարորդը Honda-ով 300 մետր ընկել է ձորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքից դեպի Աքորի գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում Ալավերդի քաղաքի բնակիչ, 29-ամյա Գարիկ Գիշյանը իր վարած Honda մակնիշի 34 QO 283 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր ընկել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Գիշյանը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից և դուրս գալով ճանապարհ՝ պատահական մեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ալավերդու բժշկական կենտրոնում Գ. Գիշյանը շտապ ենթարկվել է վիրահատության, քանի որ պայթել էր նրա փայծաղը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել է ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ խմբի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի բաժնի ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
