«Գուցե ադրբեջանական կողմը ինչ-որ բան գիտի, բայց մենք տեղյակ չենք». Իվան Վոլինկին
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը չի հաստատում հրթիռների համատեղ արտադրություն սկսելու մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները:Նա այս մեկնաբանությունը տվեց լրագրողներին այսօր Երևանում բացված սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի ժամանակ: «Ես չեմ տիրապետում նման տեղեկության: Կարող եմ միայն ասել, որ թևավոր հրթիռների արտադրությունը մի ուղղություն է, «Իսկանդերը»՝ բոլորովին այլ ուղղություն, չգիտեմ՝ ինչ կապ կա այստեղ, բայց ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա: Երբ լրագրողը շեշտեց, որ այդ մասին ադրբեջանական կողմն է հայտարարում, Վոլինկինը պատասխանեց. «Գուցե ադրբեջանական կողմը ինչ-որ բան գիտի, բայց մենք տեղյակ չենք»: Անցնելով Ղարաբաղյան հարցին՝ Վոլինկինը նշեց, թե չի լսել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի երեկվա հայտարարությունն այն մասին, թե Ռուսաստանի Դաշնությունը կողմ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, բայց ավելացրեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում:
