Ղարաբաղի հարցի լուծման հարցում Մոսկվան հույս չունի
Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Մոսկվան կշարունակի աշխատանքը Երևանի և Բաքվի հետ, գրում է«ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես չէի ասի, թե մենք մեծ լավատեսություն ունենք մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման առիթով: Բայց մենք, բնականաբար, կշարունակենք հետևողական աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ»,- ասել է Ուշակովը լրագրողներին: Ընդ որում՝ ՌԴ նախագահի օգնականը հրաժարվել է բացահայտել բանակցությունների «խոհանոցը»՝ նշելով, որ քննարկվում են շատ տարբերակներ ու առաջարկներ:«Բայց դե, ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ լավատեսության համար հիմքեր չկան»,- հավելել է նա: Հայաստանին սպառազինության մատակարարումների մասին հարցին ի պատասխան Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և բոլոր իրավունքներն ունի մատակարարելու այն զենքերը, որոնց մասին պայմանավորվել է գործընկերների հետ: «Այստեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ մեկի համար: Ինչպես գիտեք, Ադրբեջան նույնպես զենք է մատակարարվում»,- ասել է Ուշակովը:
