«Պարտավոր է աշխատատեղ ստեղծել, անո՞ւմ է. թե՞ չէ». հարց՝ փոխնախարարին
Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանին հիշեցրեց, որ նախարարությունը պետք է ուսումնասիրեր, թե հարկային արտոնություններ ստացած ընկերությունները որքանով են կատարում իրենց պարտավորությունները, և թե ինչ հսկողական մեխանիզմներ կան: Փոխնախարարը պատասխանեց, որ վարչապետի հանձնարարականից հետո աշխատում են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ և ունեն որոշման նախագծեր, որոնք գտնվում են քննարկման փուլում: «Երբ քննարկումները կավարտվեն լրամշակված տարբերակը կներկայացնենք Ձեզ»,- ասաց նա:
Վարչապետի հարցին՝ արդյոք վերահսկողական մեխանիզմներ սահմանելու համար անհրաժե՞շտ է կառավարության առանձին որոշում ընդունել, փոխնախարարն ասաց, որ իրենք հարցի լուծման երկու տարբերակ են առաջարկել: «Առաջինով առաջարկում ենք, որ վերահսկողական լիազորությունները կենտրոնական մեկ գերատեսչության ձեռքում, իսկ մյուսը՝ որ հայտերը ներկայացվեն կառավարության միջոցով»,- ասաց նա: «Մենք խոսում ենք նրա մասին, որ ընկերություններին արդեն հարկերից ազատեցինք, ո՞նց ենք հսկում՝ կատարե՞լ է, թե՞ չէ: Պարտավոր է այսքան աշխատատեղ ստեղծել, անո՞ւմ է. թե՞ չէ: Հետաձգված հարկը վճարո՞ւմ է, թե՞ չէ»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց, որ հարկային արտոնություն ստանալուց հետո ընկերությունը նամակով տեղեկացնում է իր կատարած աշխատանքի մասին:
