ԼՂՀ և ՀՀ-ն անելու են հնարավոր ամեն ինչ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար. Նաիրա Զոհրաբյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում անդրադարձել է ապրիլյան ռազմական գործողություններին: «Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի ընթացքում դաժանաբար խոշտանգվեցին, սպանվեցին, գլխատվեցին և անարգվեցին ոչ միայն զինվորներ, այլև քաղաքացիական անձինք, երեխաներ, օգտագործվեց միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմական տեխնիկա: Բանական մարդու գիտակցության մեջ որևէ կերպ չտեղավորվող խոշտանգումները, դիակների և ողջ մարդկանց գլխատումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են հստակ պատասխանատվություն: Տեղի ունեցածն աներկբա ռազմական հանցագործություն է, որն ընդդատյա է Միջազգային քրեական դատարանի», - ասել է նա: Ն. Զոհրաբյանը նշել է, որ ԼՂՆ և ՀՀ-ն անելու են հնարավոր ամեն ինչ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար: Նա տեղեկացրել է, որ ԼՂՀ դատախազության կողմից ապրիլի առաջին օրերին արդեն հարուցվել է քրեական գործ, որով հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 1994-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագիրը: «Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտմամբ, հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, դպրոցներ, շինություններ, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների: Իհարկե, Ադրբեջանը դեռևս չի վավերացրել Հռոմի ստատուտը, սակայն նույն ստատուտը նախատեսում է, որ այդ դատարանին կարող է դիմել նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, իսկ Միջազգային քրեական դատարանի դատախազն իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցելու քրեական գործ», - ասել է նա: Ինչպես ընդգծել է Զոհրաբյանն՝ Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ, և պատգամավորներից շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին: «Ուրեմն՝ մի լռեք: Մի լռեք նաև դուք, հարգելի զեկուցող, որ հայտարարում եք, թե պետք է անողոք պայքար մղել անպատժելիության և ռազմական հանցագործությունների դեմ», - կոչ է արել նա:
