«Վիկտոր Դալլաքյանը շատ երկար դիմացավ, համբերությունը մի քիչ շատ էր». Արամ Սարգսյան
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չցանկացավ անդրադառնալ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականին՝ ընդամենը նշելով, թե յուրաքանչյուր մարդու իրավունքն է: «Յուրաքանչյուր մարդ, քաղաքական գործիչ ինքն է որոշում իր անելիքը և՛ այսօր, և՛ վաղը, և՛ ընդհանրապես: Եվ դա զուտ իր իավունքն է, ես որևէ անդրադարձ չեմ ուզում անել: Ընթացքը ցույց կտա, բավականաին փորձառու քաղաքական գործիչ է Վիկտոր Դալլաքյանըև ինքը շատ լավ գիտակցում ու երևի տեսնում է իր տեղը, անելիքը և հետագա քայլերը»,-ասաց պատգամավորը: ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն էլ նշեց, որ Դալլաքյանի հետ աշխատել է «Միասնություն» դաշինքի կազմում. «Վիկտոր Դալլաքայանը հիանալի պատգամավոր էր, նա իսկապես պատգամավոր էր, որը պետք է կատարեր իր պարտականությունները: Ինչ է պատավել այս վերջին չորս տարվա ընթացքում, տեղյակ չեմ: Անկեղծ՝ չգիտեմ, թե ինչն էր պատճառը, ինչ խնդիրներ են ծագել: Մի բան կարող եմ ասել, որ շատ երկար դիմացավ ուղղակի, համբերությունը մի քիչ շատ էր»: Արամ Սարգսյանը նշեց նաև, որ Դալլաքյանին ճանաչելով, չի կարծում, թե նա գործուղղվել է ընդդիմադիր դաշտ: Ըստ նրա՝ դա Դալլաքյանի որոշումն է եղել, սակայն չի կարող ասել, թե ինչու վերջինս չորս տարի ձգեց: Անի Սահակյան
