ՀՀԿ-ն Սարգիս Մուրադյանի սեփականությունը չէ, ոչ էլ մարզպետի.Ռուդիկ Ղուկասյան
Հոկտեմբերի 10-ին Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը հայց է ներկայացրել դատարան՝ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ: Հայցվորի փաստաբան Վրեժ Խաչիկյանի փոխանցմամբ ՝ իր ձեռքի տակ կան այնպիսի տեսագրություններ, որտեղ հստակ երևում են, թե ինչպես են հանձնաժողովի անդամներն իրար փոխանցում Սարգիս Մուրադյանի օգտին քվեարկած թերթիկները և որ աջակիցները քվեարկությունից հետո մոտենում են տարբեր անձանց և` նշում. փող էլ տվեցինք չքվեարկեցիք: Դատական նիստը դեռ չավարտված Ռուդիկ Ղուկասյանը լքեց նիստերի դահլիճը։ Լրագրողների հարցին, թե որն է պատճառը, որ ՀՀԿ-ն Սևանում սատարեց Սարգիս Մուրադյանին՝ Ռուդիկ Ղուկասյանը պատասխանեց. «Այդ մասին մինչ այժմ ինձ բացատրություն չի տրվել։ Ինձ հետ մինչ օրս ոչ մեկ խոսակցություն չի ունեցել»։ Հարցին, թե կլքի՞ ՀՀԿ-ի շարքերը, Ռուդիկ Ղուկասյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն Սարգիս Մուրադյանի սեփականությունը չէ, ոչ էլ Գեղարքունիքի մարզպետի: Այս ամենը մարզպետի քինախնդրության արդյունքն է։ Ես հայտարարություններով հասնելու եմ նրան, որ հանրապետության Նախագահը տեղեկանա, թե ինչ է կատարվել Սևան քաղաքում»,- ասաց նա։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ մարզպետը քեն ունի իր նկատմամբ և ինչո՞վ է դա պայմանավորված.«Այս պահին չեմ կարող հրապարակել, թե ինչով է պայմանավորված,սակայն նա հրապարակավ հայտարարել է,որ պայքարելու է իր դեմ և պայքարում է։ Զուտ անձնական, գործնական ոչինչ չկա»,ասաց նա
