ԻՊ-ի զինյալները կորցրել են իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքների 40%-ը
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները կորցրել են տարածքների շուրջ 40%-ը, որը ժամանակին վերահսկում էին Իրաքում, 5% տարածք էլ կորցրել է Սիրիայում: Այսպիսի տվյալներ է հրապարակել Իրաքում եւ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ամերիկյան զորքերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բաղդադից կազմակերպված հեռուստակամուրջի օգնությամբ նա զրուցել է Պենտագոնում հավաքված լրագրողների հետ: ԱՄՆ ռազմաօդային ուժերն Իրաքում իսլամականների դիրքերի ռմբակոծությունը սկսել են 2014 թվականի օգոստոսի 8-ին, Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ին: Իրաքում ամերիկյան ավիացիայի հետ համատեղ ռազմական գործողություններին մասնակցում են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Կանադայի, Նիդեռլանդների ռազմական ինքնաթիռներ, Սիրիայում՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Կանադայի ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի օդանավեր: Ուորենի խոսքով, ծայրահեղականներից տարածքները հաջողվել է հետ վերցնել, մասնավորապես, կոալիցիայի ջանքերի շնորհիվ:
