«Ոստիկանությունը չկատարեց իր սուրբ պարտականությունը». Արամ Աբրահամյան
Կովկաս ինստիտուտում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու պատճառների և հետևանքների մասին քննարկման ժամանակ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը վերլուծեց այդ օրերին լրատվամիջոցների աշխատանքն ու քաղաքական ուժերի արձագանքը: Նա նկատեց, որ քաղաքական ուժերից «Հայ ազգային կոնգրեսը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» էին միայն դատապարտում «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները: Նրա դիտարկմամբ՝ մյուս կուսակցությունները հիմնականում չէին քննադատում, նշում էին պատճառները: «Սակայն նրանք էլ նշում էին՝ լավ են արել, բայց....»,- ասաց Արամ Աբրահամյանը: «Կուսակցությունը, որը վերապահորեն ողջունում էր «Սասնա ծռեր»-ի գործողությունները, «Ժառանգությունն» էր»,- ասաց նա՝ ավելացելով, որ գործողությունների հետևանքով սկսած ոստիկանական գործողություններն էլ գրավեցին հայտնի անձանց՝ Սերժ Թանկյանի և Արսինե Խանջյանի ուշադրությունը: Բանախոսը նշեց, որ այո, տեղի ունեցածում մեղավոր են իշխանությունները: Նա հիշեցրեց, որ այդ իրադարձությանը նախորդել էր Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը՝ զինված գործողությունների նախապատրաստվելու կասկածանքով: Ըստ Արամ Աբրահամյանի՝ այդ տեղեկատվությանը տիրապետող պետական օղակները պետք է կանխատեսեին գործողություններ։ «Ոստիկանությունը չկատարեց իր սուրբ պարտականությունը, թողեց, որ երեսուն հոգի պատանդ վերցնի ՊՊԾ գունդը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենի հետևանքով պետք է ոստիկանապետը փոխվեր, բայց փոխվեցին միայն նախարարներ: Ամփոփելով՝ Արամ Աբրահամյանը նշեց, որ իրավիճակը երկրում կփոխվի այն դեպքում, եթե իշխանությունները հետևություններ անեն եղածից։
