Սեյրան Օհանյանը հրաժարվել է պաշտոնից
«Չորրորդ իշխանությունը» գրել է. Երեկ Վիկտոր Դալլաքյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրերն այն մասին, որ իր կուսակցության շարքերում է լինելու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Միայն ասաց, թե ցանկացած կուսակցության համար պատվաբեր կլիներ Օհանյանի նման պետական-քաղաքական գործչի ներկայությունն իր շարքերում։ Զուգահեռաբար այս օրերին Սերժ Սարգսյանը չի դադարում իր մտերիմ շրջանակների հետ կիսվել, թե Սեյրան Օհանյանը մի տեսակ նեղացած է բոլորից։ Սարգսյանն ասել է, թե ինքը նրան առաջարկել է մնալ ՊՆ-ում՝ շտաբի պետի հաստիքով, սակայն հրաժարվել է։ Դրսի՝ բավականին լուրջ պաշտոնից նա ևս հրաժարվել է։ Առաջարկվել է նաև խորհրդարանի հաստիք նախագահականում, սակայն դա էլ Օհանյանի սրտով չի եղել։ Հիմա էլ ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, թե ինչ-որ ֆոնդ է բացվելու, որի նախագահությունը ստանձնելու է Սեյրան Օհանյանը։ Հասկանալի է, որ Սեյրան Օհանյանը նեղսրտած է։ Վերջին օրերին պաշտոնանկ եղած գրեթե բոլոր պաշտոնյաները նույն հոգեվիճակում են։ Հայտնի մտածողներից մեկն է ասել՝ աշխարհում չկա ավելի տխուր բաժանում, քան մարդու բաժանումը իշխանությունից։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ նեղացածներն արագորեն ռեաբիլիտացվում և մոռանում են ամեն ինչ, երբ իրենց քիմքին հարմար աշխատանք է առաջարկվում։ Ինչպես կվարվի Սեյրան Օհանյանը իր կարիերայի հետ, կերևա առաջիկայում։ Մի բան հստակ է՝ լուրերը, թե վերջինս, հնարավոր է, քաղաքական հանրային հարթակներում շարունակի իր գործունեությունը, օդից չեն ծնվել։ Նման կարգի լուրերը, որպես կանոն իրականություն են դառնում»:
