Նիդերլանդները Սիրիայում ավիահարվածներ կհասցնի «ԻՊ»-ին
Նիդերլանդների ռազմաօդային ուժերը Սիրիայում «ԻՊ» ծայրահեղական խմբավորման օբյեկտներին հարվածներ հասցնելու իրավունք կստանան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին: «F-16» 6 ինքնաթիռ արդեն տեղափոխվել են տարածաշրջան, սակայն մինչ օրս դրանք հարվածներ են հասցրել միայն Իրաքի ահաբեկիչների օբյեկտներին: «Իրաքում գրանցած հաջողությունները զարգացում չեն ստանա, եթե «ԻՊ»-ը կարողանա Սիրիայի արևելյան կողմից պահպանել իր ուժերն այնտեղ»,- հայտնել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ժանին Հեննիս-Պլասշերտը: Գործակալությունը հայտնում է, որ այս որոշումը հնարավոր է դարձել՝ շնորհիվ խորհրդարանական կուսակցությունների փոխզիջումների:
