Արմեն Մարտիրոսյանի պատասխանը՝ Արփինե Հովհաննիսյանին
«Ցավոք սրտի մենք հերթական դիվանագիտական պարտությունն ունեցանք Ստրասբուրգում եւ այն բանաձեւը, որ ընդունվեց իսկապեց բացառիկ էր իր բառակազմով»,- այս մասին այսօր Ազատության հրապարկում, Նոր Հայաստան ճակատի հրավիրած ասուլիս-քննարկմանը, հայտարարեց ճակատի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւին, որը վերաբերվում էր Սարսանգի ջրամբարին: Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ երբեւիցե Հայաստանն ագրեսոր չի ճանաչվել եւ նման գնահատականներ երբեք չի տրվել: Ըստ նրա, Հայաստանը 1:0 հաշվով պարտվեց, իսկ այդ պարտությունը պայմանավորված է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությամբ, որը դրսեւորվեց 2013 թվականին, երբ հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մտադրության մասին: Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի մասին խոսելին՝ նա նշեց, որ «Ժառանգությունում» կարծում են, որ ՄԻՊ-ի լավագույն թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: «Սա մեր որոշումը չէ, սա մեր, ըստ էության, մոտեցումն է եւ վերջնականը պարզ է, որ պետք է որոշի Զարուհի Փոստանջյանն անձամբ ինքը: Մենք կաջակցենք Զարուհի Փոստանջյանին ամեն ինչով, եթե ինքն այդ ցանկությունը հայտնի: Ակնհայտ է, որ ինքն է եղել այս տարիների ընթացքում, որ անխոս զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությաբ եւ այդ ինստիտուտին իսկապես նոր լիցք ու նոր որակ կհաղորդի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ երկու օր առաջ՝ կեսգիշերին, ոստիկանները հարվածել են Նոր Հայաստանի անդամ Արմեն Միքայելյանին եւ ոստիկանները կարող են պարզել, թե ով է եղել հարվածողը: Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Գևորգ Սաֆարյանը քաղբանտարկյալ չէ եւ Հայաստանում քաղբանտարկյալ չկա. «Արդարադատության նախարարը, ինչպես նաեւ մնացած պաշտոնատար անձինք կարող են նմանատիպ պնդումներ անել, բայց Գեւորգի պահով ակնհայտ է, որ նույնիսկ կա միջազգային հեղինակավոր կազմակերպության կարծիք՝ «Human Rights Watch»-ի կարծիքը: Ակնհայտ է, որ մյուս բոլոր քաղբանտարկյալները, որոնք երկրում այս տարիներին եղել են, մեր անկախությունից ի վեր՝ դրանց ժամանակահատվածի իշխանությունները պնդել են, որ դրանք քաղբանտարկյալներ չեն: Այդ քաղբանտարկյալներից մի մասը հետագայում դարձել է իշխանություն եւ պնդել է, որ այդ ժամանակվա քաղբանտարկյալները քաղբանտարկյալ չեն: Այնպես որ նորություն չի Հայաստանում, որ իշխանության ներկայացուցիչները չեն ընդունելու քաղբանտարկյալների առկայությունը երկրում, բայց ցավոք սրտի մենք ունենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն ու նշեց, որ ոչ միայն Գեւորգ Սաֆարյանն է քաղբանտարկյալ, այլ նաեւ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ, որոնք բանտարկվել են քաղաքական հայացքների համար:
