Դիմակները պատռվեցին
Վանաձորում «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները կբոյկոտեն ավագանու առաջիկա նիստերը: Այս մասին տարածած հաղորդագրությունում ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը մասնավորապես նշել է. «ՏԻՄ ընտրություններին մեր մասնակցությամբ մենք ստեղծեցինք այլընտրանք, վանաձորցուն տվեցինք տեղական մակարդակում իշխանափոխություն անելու իրական ընտրության հնարավորություն։ Ամեն կերպ հորդորեցինք կոնսոլիդացնել քվեները Լուսավոր Հայաստանի օգտին եւ ունենալ միանշանակ հաղթանակ։ Մեր հանդիպումների ընթացքում ներկայացրեցինք, որ միայն ՀՀԿ-ին չընտրելը դեռ բավարար չէ իշխանափոխության հասնելու համար։ Ընտրություններն անցան... ստացանք մոտ 11000 մաքրամաքուր ձայն. առանց ճնշումների, սուտ խոստումների, պաշտոններ ու փող բաժանելու, բռնությունների ու մարդկանց վախեցնելու, այդուհանդերձ, միանշանակ կոնսոլիդացիա տեղի չունեցավ։ Կատարեցինք հաջորդ քայլը՝ ավագանու կազմում մեծամասնություն ձեւավորելու ու քաղաքական նոր մշակույթ բերելու ուղղությամբ, սակայն այս անգամ էլ բախվեցինք ՀՀԿ-ի հերթական ամբարտավանության ու քաղաքական տեռորի մեխանիզմների հետ, եւ ստացանք այսօրվա պատկերը։ Ինչպես բազմիցս նշել էինք, մենք պատրաստ էինք նաեւ այս սցենարին եւ, ամենեւին չընկրկելով, պատրաստվում ենք լիարժեք հակակշիռ ու զսպման մեխանիզմ լինել իշխող կուսակցության նկատմամբ ու ամենօրյա ռեժիմով խոշորացույցի տակ պահել նրանց աշխատանքն ու ստիպել կետ առ կետ իրականացնել իրենց նախընտրական բոլոր խոստումները։ ՀՀԿ-ի նոր էջը ցույց տվեց, որ իրականում որեւէ նոր բան չկա եւ պահվածքի, եւ բովանդակության առումով. նույնիսկ որոշակի առումով ավելի վատն է, քան կարելի էր սպասել։ Այն պնդումները, որ նոր սահմանադրությամբ մենք գնում ենք նոր քաղաքական մշակույթի ձեւավորման ու քաղաքական կյանքում կուսակցությունների դերի բարձրացման, հօդս ցնդեցին դեռ չծնված՝ չդիմանալով առաջին իսկ փորձությանը։ Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կբոյկոտի առաջիկա նիստերը՝ դրանով թույլ չտալով անկհայտորեն 15 մանդատ ունեցող ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին որեւէ որոշում կայացնել։ Քվորում ապահովելու համար, նրանք ստիպված կլինեն դիմել իրենց ծառայություն մատուցած այն 4 անդամներին եւ այդ քայլով հենց իրենք կբացահայտեն այդ մարդկանց։ Այսպիսով, մենք կարող ենք արձանագրել, որ Վանաձորում պատռվեցին դիմակներ»:
