600 հալեպահայեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան
Հալեպում ապրող մեր հայրենակիցների կյանքին սպառնացող վտանգը շատ ռեալ է: Այդ մասին այսօր՝ հոկտմեբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: -ՄԱԿ-ի գնահատականներով մոտակա երկու ամսվա ընթացքում Հալեպում իրադրությունը շատ ավելի է վատանալու։ Եվ մեզ համար կարևոր է, որ կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը,- նշել է նա: Ըստ նրա ունեցած տեղեկության՝ Հալեպից Երևան մեկ անձի տեղափոխման համար անհրաժեշտ է մոտ 500 դոլար: 600 հոգի արդեն դիմել է, որպեսզի իրենց Հայաստան գալու հնարավորություն տրվի: Արևելագետը երեք խնդիր է առաձնացնում, որոնք պետք է իրականացնեն ՀՀ իշխանությունները: -Առաջինը՝ պետք է գումար գտնել: Կարծում եմ՝ պետք է հատուկ հիմնադրամ ստեղծել և այդ հիմնադրամի միջոցներով իրականացնել մեր հայրենակիցների վերադարձը: Երկրորդ՝ պետք է տրանսպորտի միջոցների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել, որը պետք է իրագործվի ռուսների հետ համագործակցությամբ: Այդ երկու խնդիրների լուծումից հետո արդեն պետք է մտածել Հայաստանում մեր հայրենակիցների կեցության խնդրի մասին,– ասել է Սաֆրաստյանը:
