ՀՀԿ-ն կոալիցիայի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կոալիցիայի, ՀՅԴ-ին տրվող պորտֆելների մասին վերջնական որոշում չեն կայացրել, նորություն կլինի հաջորդ շաբաթվա մեջ։ Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք դռները չենք փակում, համագործակցության կողմնակից քաղաքական ուժ ենք, համագործակցությունը պիտի լինի ծրագրային, գաղափարական հարցերի շուրջ։ Քննարկվում է համագործակցության ձեւաչափը, որի մասին հաջորդ նիստին միգուցե կկարողանամ նորություն ասել։ Վերջնական որոշում դեռ տեղի չի ունեցել։ ՀՀԿ գործադիր մարմինը դեռեւս չի քննարկել՝ ում հետ պետք է գնանք համագործակցության եւ ինչպիսի ձեւաչափ կլինի, կլինի՞ կոալիցիա, թե՞ չի լինի»,-ասաց Շարմազանովը։ Վերջինս նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության հարցը չի քննարկվել։ «Քննարկել ենք ներկուսակցական, ներքաղաքական, արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր, հիմնականում նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, քննարկվել է նաեւ առաջիկա քառօրյայի ավելի արդյունավետ կազմակերպման եւ տարվա առաջին եռամսյակում սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուների մասնակցության ձեւաչափի մասին հարցեր»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։
