Ակնհայտ է, որ տեղ է գտել ճնշում, եղել է ստվերային գործարք. «Համախմբումը»՝ Վանաձորի ընտրությունների մասին
«Համախմբում» կուսակցության պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը Վանաձորի ընտրությունների հետ կապված հայտարարությամբ են հանդես եկել: «Վանաձորի քաղաքապետի ընտրության տրամաբանությունը հակասում է քաղաքական մշակույթի նորմերին և ոգուն։ Ակնհայտ է, որ տեղ է գտել ճնշում ավագանու որոշ ոչ ՀՀԿ-ական անդամների վրա, եղել է ստվերային գործարք», - ասված է նրանց հայտարարությունում: Պատգամավորները ընդգծել են՝ ՀՀԿ-ական քաղաքապետի ընտրությունը նման մեթոդներով ծանր հարված է քաղաքական համակարգին։ «Նոր սահմանադրությամբ հռչակված համակարգային բարեփոխումները, երկրի համար նոր սկզբի գաղափարը, ըստ էության, ի դերև ելան վանաձորյան ընտրություններով։ Փաստ է, որ իշխանությունը գեղեցիկ ձևակերպումների տակ ընդամենը հետապնդում է սեփական վերարտադրության և ամեն ինչ մեկ կուսակցության ձեռքում կենտրոնացնելու ծրագիրը։ Այս պայմաններում քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության խնդիրն է դառնում համախմբող բանաձևեր գտնելը, որը թույլ կտա առաջիկա խորհրդարանական ընտրություններում երկիրը միասնական ջանքերով դուրս բերել քաղաքական մենաշնորհի անհեռանկար վիճակից», - նշված է «Համախմբում» կուսակցության պատգամավորների տարածած հայտարարությունում:
