"Վերմակը հետ տարա ու տեսա փոքրիկ երեխային մոր գրկում". բուժքույր
Ավետիսյանների սպանության գործով այսօր Գյումրիի 102 ռազմաբազայի դատարանում ցուցմունք է տվել շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանը: Վերջինի ներկայացմամբ, նախքան Ավետիսյանների տուն մտնելն ինքը գիտեր գազի թունավորման դեպք է տեղի ունեցել: «Բացեցի դուռը, շատ մութ էր: Ինձ մոտ լապտեր կար: Մահճակալին պառկած մի կին տեսա` այտին արյան հետքեր: Բացեցի մյուս սենյակի դուռը՝ անկողնու մեջ պառկած մի տղամարդու տեսա: Ձեռք տվեցի` սառն էին: Երրորդ սենյակում` գետնին ընկած էր մի վիրավոր տղամարդ: Անկողնու մեջ տեսա մի կնոջ՝ մազերը գզգզված: Նկատեցի, որ վզի հատվածում շատ արյուն էր: Մոտեցա, ասեցի տեսնեմ ի՞նչ է եղել, որտեղն է վնասված: Վերմակը հետ տարա ու տեսա փոքրիկ երեխային մոր գրկում: Տեսա, որ շնչում է, հանեցի դուրս: Շապիկով էր: Շապիկը մի կողմ տարա, տեսա մարմնի վրա կտրած վերքեր էին: Անմիջապես զանգեցի դիսպետչերին, որ ոստիկանություն զանգ տա, քանի որ երեխային պիտի տանեինք հիվանդանոց: 12,15 րոպեին եղել ենք հիվանդանոցում»,- պատմել է բուժքույրը` նշելով, որ կտրող-ծակող վերքերը երեխային մեջքի վրա էին:
