Սիրիայում «աղաղակող աղետ» է. ԵԽ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյորն Յագլանդը Սիրիայի իրավիճակն անվանել է «աղաղակող աղետ» և «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սնանկություն», հայտնում է RIA Novosti-ն: Պատասխանելով պատգամավորների հարցին այն մասին, թե ինչ պետք է նախաձեռնել ՄԱԿ-ում ֆրանսիական բանաձևի նախագծին Ռուսաստանի վետոից հետո, մտադիր չէ՞ արդյոք Խորհուրդը պատվիրակություն ուղարկել Սիրիա, Յագլանդը նշել է, որ «դա չի մտնում Եվրախորհրդի լիազորությունների մեջ, սակայն մենք չպետք է հրաժարվենք դիվանագիտական լուծումներից»: «Հավանաբար դա ՄԱԿ-ի ԱԽ-ի սնանկացումն է: ՄԱԿ-ի կանոնադրությունում գրված է, որ ՄԱԿ-ի ԱԽ անդամները պատասխանատվություն են կրում մնացած բոլոր անդամ երկրների խաղաղության և անվտանգության ապահովման համար: Նրանց վրա ընկած է մեծ պատասխանատվություն՝ վերջ դնելու աղետին, հատկապես ՄԱԿ-ի ԱԽ անդամների: Նրանք չեն գործում այդ պատասխանատվությանը համապատասխան»,- նշել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը:
