Տեռոր, ճնշումներ ու ահաբեկումներ՝ Վանաձորում
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Վանաձորում քաղաքապետի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչպես ստացվեց, որ ընդդիմության 18 ձայներից միայն 14-ը հասավ իրենց թեկնածուին՝ Քրիստ Մարուքյանին: ««Լուսավոր Հայաստան»-ի 10 անդամների համար մենք պատասխանատվություն ենք կրում և նրանց քվեարկությունը ստուգված է: Եվ երկրորդ՝ ելնելով անմեղության կանխավարկածից՝ չեմ ասում էս ուժը, էն ուժը: Առաջիկա նիստերի ընթացքում այդ ուժերի ներկայացուցիչները կերևան: Որևէ խնդիր չկա որևէ մեկին մեղադրելու: Պետք է արձանագրել մեկ բան, որ Հայաստանում քաղաքական համակարգը տեռորի տակ է և այդ տեռորի տակ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում»: Մարուքյանը նշեց, այս ամենը ճնշումների և ահաբեկումների հետևանք է: Այնուամենայնիվ, նրա խոսքով, հետագայում՝ ավագանու նիստերի ժամանակ, պարզ կլինի, թե ովքեր են ՀՀԿ-ական թեկնածուի օգտին քվեարկած անձինք: Մարուքյանը նշեց, որ ճնշումները և ահաբեկումները կանխարգելելու համար էր, որ առաջարկում էին բաց քվեարկություն: «Ամբողջ այս օրերի ընթացքում բոլորի նկատմամաբ ճնշումներ եղել են, զանգեր, ամեն ինչ եղել է: Հիմա որևէ խնդիր չկա, որովհետև մենք որևէ կորցնելու բան չունենք ու սա նաև մեզ համար ինչ-որ տեղ կանխատեսելի բան էր: Սա էլ էր պրոցես քաղաքական համակարգի կայացման ճանապարհին»:
