Գյումրու քաղաքապետի հույսն ու ափսոսանքը
Այսօր Գյումրու նորընտիր ավագանու նիստը տեւեց 15-20 րոպե. նիստը վարեց ավագանու վերընտրված, ավագանու անդամ, տարիքով ավագ Արամայիս Գրիգորյանը: Նիստին ներկա էին «Բալասանյան» դաշինքի ցուցակ ընդգրկված 1-17 համարները, ովքեր համարվում են ընտրված, մյուս հաղթող կուսակցություններից` ԲՀԿ, ՀՎԿ եւ ԳԱԼԱ, ոչ մի ընտրված ավագանու անդամ ներկա չէր, նրանք նիստը բոյկոտելու մասին հայտարարել էին դեռ օրեր առաջ: Արամայիս Գրիգորյանը սկսեց մեկ-մեկ ընթերցել ընտրված ավագանու անդամների անուն-ազգանունները, դահլիճը հնչած յուրաքանչյուր անունից հետո ծափահարում էր, այդ թվում` ներկա չգտնված եւ բոյկոտած ավագանու անդամների: Ծափահարությունների, օրհներգի ներքո Գյումրու նորաստեղծ նիստերի դահլիճում հայտարարվեց, որ Սամվել Միսակի Բալասանյանը վերընտրվել է: Դահլիճը, որի մեծ մասը զբաղեցնում էին քաղաքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, ոտքի կանգնեց ու սկսեց բուռն ծափահարել: Ս.Բալասանյանը երդվեց. «Ես` Սամվել Միսակի Բալասանյանս, պաշտոնավարման ժամանակահատվածում Գյումրու քաղաքապետին օրենքով ամրագրված լիազորություններն իրականցնել ազնվորեն եւ բարեխղճորեն` որդեգրելով թափանցիկ աշխատաոճ` անշեղորեն պահպանելով ՀՀ սահմանադրությունն ու օրենքները, Գյումրի քաղաքի ավագանու որոշումները, մարդու, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն ծառայել Գյումրու զարգացմանը եւ բարգավաճմանը…»: Րոպեներ անց Բալասանյանը զբաղեցրեց քաղաքապետի աթոռն ու վարեց նորընտիր ավագանու առաջին նիստը: Նա մերթընդմերթ հայացքն ուղղում էր դեպի բոյկոտած ավագանու անդամների թափուր աթոռները, ապա հայացքն ուղղեց դեպի լրագորղներն ու ներկաները եւ սկսեց. -Իհարկե, շատ լավ կլիներ, որ նաեւ մեր գործընկերները մասնակից լինեին, ափսոսում եմ դրա համար, որպեսզի մեր աշխատանքները սկսենք, որովհետեւ բոլորի ծրագրերում կային շատ լավ դրույթներ, որ մենք պետք է համագործակցենք: Իհարկե, ամեն մարդ ունի իր իրավունքը… այնպես որ: Նիստի օրակարգ ընդգրկված հարցերից էր խմբակցությունների ձեւավորումը, որը ենթադրում է ընտրություն, խմբակցության ղեկավարի, քարտուղարի ընտրություններ եւ այլն: Այս ընթացքում Ս.Բալասանյանը սկսեց համեմատություններ անցկացնել ԱԺ-ի եւ Գյումրու ավագանու նիստերի միջեւ եւ ավելացրեց. «Քաղաքականացված է մարմինը, մենք փոքր Աժ-ի պես աշխատանք պետք է ծավալենք: Նորընտիր ավագանին միաձայն կողմ քվեարկեց նիստի օրակարգ ընդգրկված 3 հարցին էլ, ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 10-ին: Գյումրու քաղաքապետը հույս հայտնեց, որ գոնե նոյեմբերի 10-ի ավագանու նիստին ներկա կլինեն նաեւ ընդդիմադիր ուժերը` ԲՀԿ, ՀՎԿ, ԳԱԼԱ կուսակցության ավագանու անդամները: Ավագանու այս անդամները, սակայն, պատրաստվում են մանդատների բաշխման հարցը վիճարկել դատական ատյաններում, միաժամանակ բոյկոտել եւ չմասնակցել ավագանու նիստերին: Այսպիսով, Գյումրու ավագանու 21 անդամից վերընտրվել է միայն 11-ը` Արտակ Ադամյանը, Հրայր Կարապետյանը, Էդգար Մկրտչյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Մխիթար Սահակյանը, Վարդան Եդիգարյանը, Արամայիս Գրիգորյանը, Վահան Հունանյանը, Տիգրան Փանոսյանը. նրանք բոլորը ներկայացնում են «Բալասանյան» դաշինքը: ԲՀԿ-ից վերընտրվել է Արմեն Բադեյանը եւ ԳԱԼԱ կուսակցությունից` Լեւոն Բարսեղյանը: Ավելին՝ asparez.am-ում
