Բաքու է ժամանել իրեն հայ համարող եւս մի տականք
Armtimes.com-ը գրում է,որ ադրբեջանական լրատվամիջոցներն անասելի ցնծության մեջ են: Այս անգամ ադրբեջանցիների ցնծության առիթն իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանն է, որը ներկայումս բնակվում է Շվեդիայում: Հոկտեմբերի 8-ին՝ ուշ երեկոյան, նա ժամանել է Բաքու: Այնտեղ նա հայտարարել է, որ ժամանել է խաղաղարար առաքելությամբ եւ ցանկանում է ծաղիկ դնել մտացածին «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հուշակոթողի մոտ: Haqqin.az-ին տված բացառիկ հարցազրույցում իր այցի վերաբերյալ ասել է հետեւյալը. «Ես խոստացել էի մասնակցել Մեհրիբան Կասումովայի հաղորդմանը հենց որ ժամանեմ Բաքու: Սակայն, ինչքան գիտեմ, նա արձակուրդում է, իսկ ես անսպասելիորեն եմ եկել: Այս այցի ընթացքում ես հրապարակային ելույթներ չեմ ծրագրել: Սա նույնիսկ ակցիա չէ: Սա հոգու այց է: Ցանկանում էի ծաղիկներ դնել Խոջալուի ցեղասպանության զոհերի հուշակոթողին»: Իր հարցազրույցը նա ավարտել է հետեւյալ կերպ. «Ողջույն բոլոր ադրբեջանցիներին: Եթե ինձ նույնիսկ թույլ չտան մտնել Բաքու, միեւնույնն է ես այստեղ եմ: Իմ կողմից ծաղիկներ դրեք Խոջալուի ցեղասպանության հուշակոթողին: Մյուս անգամ ես անձամբ կդնեմ: Սիրում եմ ձեզ: Խաղաղություն ձեր տներին»,- ասել է Վահե Ավետյան ստահակը: Խոսքը վերաբերում է 1992 թվականի փետրվարի 25-26-ի գիշերն Արցախի Իվանյան (նախկին՝ Խոջալու) ավանի ազատագրման ռազմական օպերացիային, որին, ինչպես Բաքվում են պնդում, զոհ է գնացել 613 բնակիչ: Այնինչ, ժամանակի հենց Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հայկական կողմը տեղի բնակիչներին հեռանալու մի քանի ճանապարհ է թողել եւ որ այդ արյունալի սպանդը կազմակերպել է «Ազգային ճակատ»-ը իրեն վարկաբեկելու եւ իրեն տապալելու համար, ինչն էլ նրան հաջողվել է:
