Արմեն Աշոտյանը՝ Վանաձորի ընտրությունների մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին Ազգային ժողովի պատգամավորների շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ուղղակի միջամտություն և պրոտեկցիա է որակում: ՀՀԿ փոխնախագահը նման գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Անկախ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքից` ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավորների նման շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ուղղակի միջամտության և պրոտեկցիայի տարրեր է պարունակում: ՀՀ օրենքները պետք է հարգվեն բոլորի կողմից, վեր լինեն ընթացիկ քաղաքական շահից: Կրքերը պետք է հանդարտվեն և գործընթացը վերադառնա օրենքի հուն: Ժողովրդավարությունը բարդ մշակույթ է, բայց կամաց-կամաց կստացվի, վստահ եմ»,- գրել է Աշետյանը:
Վանաձորում քաղաքապետի ընտրության ժամանակ միջադեպ գրանցվեց, որի արդյունքում մի պահ կրքերը բորբոքվեցին: ԼՀ կուսակցության՝ Վանաձորի ավագանու անդամը քվեախցիկից դուրս եկավ բաց քվեաթերթիկը ձեռքին, ինչն առաջացրեց ՀՀԿ-ականների վրդովմունքը, նրանք պահանջում էին անվավեր համարել այդ քվեաթերթիկը: Հաշվիչ հանձնաժողովի անդամները որոշեցին, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել, սակայն հաշվի առան ՀՀԿ-ականների բողոքները և նոր քվեաթերթիկ տվեցին ավագանու անդամին, ով կատարեց իր ընտրությունը: Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ներկա են նաև ԱԺ պատգա մավորներ Հեղինե Բիշարյանը և Էդմոն Մարուքյանը, ով նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն է:
